Կայքի մենյու
Որոնել
Մինի - չաթ
Մեր հարցումը
Դուք սիրում եք Rihanna -ի երգերը
Պատասխանների ընդհանուր քանակը: 54
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Կայքի գործընկերները
  • Ստեղծել կայք
  • Ամեն ինչ վեբ մասնագետի համար
  • Ծրագրեր բոլորի համար
  • Զվարճանքների աշխարհ
  • Рунет-ի ամենալավ կայքերը
  • Խոհարարական  բաղադրատոմսեր
  • Նյութերի ընտրություն
    Գլխավոր էջ » Ֆայլեր » Ավետիք Իսահակյան

    Ավետիք Իսահակյան-Երջանկության գաղտնիքը
    09.01.2013, 15:26
    Երջանկության գաղտնիքը

     Ծերունի մի դերվիշ՝ ճակատն արևառ, եկավ եգիպտական անապատը, որ մեծ Սֆինքսից հարցումներ անե՝ երջանկության խորհուրդը իմանալու համար:

    Անապատի դեղին լռության մեջ բազմել էր հինավուրց Սֆինքսը՝ անդորր ու աներեր. նրա անթարթ աչքերը ժամանակի խորքերից նայում էին խորհրդավոր հեռուները:
    Եկավ դերվիշը, արձանացավ Սֆինքսի առջև, եղեգնի երկարուն ցուպը
    խրեց այրվող ավազի մեջ. խոհուն աչքերը մռայլ ճակատի տակից հառեց
    նրա աչքերին ու ասաց.
    -Եկել եմ մոտդ համայն աշխարհի բոլոր ծայրերից. բոլոր ծայրերից հարցումն եմ արել իմանալու թե՝ ի՞նչ է երջանկությունը, ո՞րն է նրա իմաստը… Եվ մնացել եմ անպատասխան:
    Գալիս եմ այժմ նվիրական Սինայի ժայռեղեն գագաթից, ուր Մովսեսը
    պատգամներ առավ, հարցումն եմ արել անխոս բարձունքից… Եվ մնացել եմ
    անպատասխան:
    Քայլել եմ Նեղոսն ի վեր, տատասկները խոցել են սրունքներս և արևը կիզել է ալեհեր ճակատս. և հասել եմ քո դռանը: Ա՛րդ, բա՜ց քո շրթունքը՝ հավիտյան գոցված աշխարհի համար, և քո իմաստուն, քո անվրդով աչքերով, ինչ որ տեսել եմ դարերի շեղջում, ասա՛, հայտնի՛ր, հարցնում եմ՝ ի՞նչ է մարդկային կյանքի երջանկությունը:
    Մարդս խանձուրներից մինչև գերեզման անպարտելի հույսերով ձգտում է երջանկության, սակայն առանց իմանալու՝ թե ի՞նչ է այն: Ասա՛, հայտնի՛ր ինձ, և ես կմտնեմ խրճիթից խրճիթ, ապարանքից ապարանք. և հարավին, նույնպես հյուսիսին, և արևելքին, նույնպես արևմուտքին բարձրաբարբառ կպատգամեմ քո հայտնությունը երջանկության իմաստի մասին…
    Եվ լռությունը մեծ անապատի՝ ծերուկ դերվիշի հարցումից հետո նորից ծանրացավ, և հինավուրց Սֆինքսը նորից նայում էր անթարթ՝ անեզր հեռուն: Անցան օրեր, անցան գիշերներ, և դերվիշը, անքուն ու կանգուն, արձանացած նրա առջև, ակնապիշ սպասում էր պատասխանի, և պատասխան չկար:
    Եվ երբ անցան օրեր ու գիշերներ, դերվիշը դարձյալ հարցում արավ, և նորից լռությունը մեծ անապատի ծերուկ դերվիշի հարցումից հետո թանձրացավ ու ծանրացավ:
    Ճերմակ ալիքները բարկ հովին տված՝ նորից հարցում արավ դերվիշը, և նրա աղաչող ձայնը հնչում էր ամբողջ մարդկության հոգու խորքերից: Եվ երբ լռեց դերվիշը, Սֆինքսը աչքերը բևեռեց դերվիշի աչքերին, և ահա՛ շարժվեցին նրա հավերժալուռ շրթունքները, և անապատի ձայնով պատասխանեց նա.
    «Ո՛վ մարդ, արյունի ծնունդ և կրքի ծարավ, քո անմիտ ոգին անհագ տարփում է հավերժ գրգիռի: Երջանկության իմաստը դու անկարող ես ըմբռնել, քո զգացող գոյությունը չարժե իր ձգտումին, և ո՛չ մի նպատակ չարժե, որ նրան ըղձաս:

    Սակայն ես ասում եմ քեզ և հավիտյան լռում, գնա՛, և այսուհետ մի՛ վրդովիր իմ երջանկավետ անդորրը:
    Գնա՛ և պատգամիր աշխարհին հանուր՝ հարավին, նույնպես հյուսիսին, արևելքին, նո՛ւյնպես արևմուտքին՝ երջանկության իմաստը – չպետք է զգալ, չպետք է խորհել, չպետք է կամենալ, այլ միայն քարանա՜լ, քարանա՜լ, քարանա՜լ…»:
    Եվ նորից քարացան հինավուրց Սֆինքսի շրթունքները, և նա՝ հավերժորեն անխռով և անվրդով սևեռեց իր անքթիթ աչքերը դեպի անծայրածիր հեռուները, և նորից խորասուզվեց ծով-հանգստի մեջ:
    Եվ անապատի անհուն լռությունը թանձրացավ ու ծանրացավ նորից…

    1923թ.
    Թիֆլիս

    Կատեգորիա: Ավետիք Իսահակյան | Ավելացրեց: Syuzi)))
    Դիտումներ: 701 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 5.0/1
    Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
    Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
    [ Գրանցում | Մուտք ]
    Մուտքի ձև
     
     
    Copyright MyCorp © 2024
    Հոսթինգը` uCoz